Օմանի արտգործնախարարը հայտարարել է, որ Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլը տեղի կունենա հաջորդ ուրբաթ՝ Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Իրանի և ԱՄՆ-ի պատվիրակությունները Թեհրանի միջուկային ծրագրի և ԱՄՆ-ի պատժամիջոցների վերացման վերաբերյալ չորս փուլ են անցկացրել Օմանի մայրաքաղաք Մասկատում և Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Բացի այդ, Իրանը, Ֆրանսիան, Գերմանիան և Մեծ Բրիտանիան ուրբաթ բարձր մակարդակի հանդիպում են անցկացրել Ստամբուլում։               
 

Ֆուտբո՞լ, թե՞ «բադեր» և «որսորդներ»

Ֆուտբո՞լ, թե՞ «բադեր» և «որսորդներ»
01.07.2014 | 12:17

Ֆուտբոլի աշխարհի առաջնության մեկ ութերորդի երկու խաղի արդյունք արդեն արձանագրված իրողություն է: Երեկ ուշ երեկոյան հայտնի դարձավ ևս երկու երջանիկ: Այսօր և վաղը սպասվում են Արգենտինա-Շվեյցարիա, Բելգիա-Ամերիկայի Միացյալ Նահանգներ դիմակայությունները:

ԿՈԼՈՒՄԲԻԱ-ԲՐԱԶԻԼԻԱ
Մեկ քառորդ դուրս գալը բրազիլացիներին հեշտ չտրվեց: Չիլին առաջնությունը հյուրընկալած երկրին համառության բացառիկ դաս տվեց՝ ապացուցելով, որ նրանից ոչ պակաս էր արժանի առաջնությունը շարունակելուն: Մրցակցի դիմադրությունը կոտրելու համար աշխարհի հնգակի չեմպիոններին չբավականացրեց անգամ 120 րոպեն (0:0), և միայն ռուսական ռուլետկա հիշեցնող տասնմեկմետրանոցները նրանց փրկեցին խայտառակությունից:
Այնպես էր ստացվել, որ մաքուր լատինաամերիկյան էր և մեկ ութերորդի հաջորդ դիմակայությունը: Իր նախնական տարբերակով սա նախորդի համեմատ ավելի պակաս կանխատեսելի էր, թեև հստակ հայտնի էր, որ նախորդ խաղում Լուիս Սուարեսի «քաջագործությունից» հետո ՈՒրուգվայը հարձակողական գծում էապես զրկվել էր շատ ավելի ագրեսիվ ու նպատակային գործելու հնարավորությունից: Երիտասարդ, արագաշարժ, տեխնիկապես գրագետ գործող կոլումբիական ընտրանին կրկին փայլեց (2:0)` ապացուցելով, որ Կոստա Ռիկայի հետ այս առաջնության հայտնություններից է: Թե ինչպիսին կլինի մեկ քառորդում Բրազիլիա-Կոլումբիա մրցակցության ելքը, տաք գլխով պատասխանելը դժվար է, սակայն որ վերջիններս դաժան քննություն վերցնող դասախոս են լինելու, եթե դուք էլ համոզված չլինեք, ավելի քան համոզված է Սկոլարին: Մի խոսքով` նախապատրաստվեք գերագույն հաճույքի հետ հաղորդակցվելուն ու հաստատ իմացեք, որ այստեղ ձեզ չի պահանջվի տերտերի ներկայություն:

ՀՈԼԱՆԴԻԱ-ԿՈՍՏԱ ՌԻԿԱ
Խմբայինում Իսպանիայի ընտրանու նկատմամբ փառահեղ հաղթանակ տանելուց հետո (պիտի որ մոռացած չլինեք 5:1 դաժան հաշիվը) հոլանդացիներն անցան մյուս երկուսի արգելքն ու մեկ ութերորդում մրցակից ստացան Մեքսիկայի ոչ պակաս տպավորիչ ընտրանուն: Խմբային երրորդում հինավուրց ացտեկների ու մայաների հետնորդները պարզապես փայլեցին հորվաթների հետ խաղում (3:1), իսկ սա ուշագրավ էր այն առումով, որ խաղաոճով վերջիններս լուրջ աղերսներ ունեին վարդակակաչների երկրի ներկայացուցիչների հետ: Մի խոսքով, սպասվում էր չափազանց ուշագրավ խաղ: Առաջ անցնելով՝ ասենք, որ մարզասերը կատարելապես վարձահատույց եղավ իր սպասումների համար: Արդեն երկրորդ խաղակեսի սկզբնամասում մեքսիկացիներն առաջ անցան հաշվի մեջ: Հետևեց հոլանդացիների գրոհի փոթորիկը, սակայն գերազանց էր գործում առաջնությունում ֆանտաստիկ խաղ ցուցադրող Օչոան: Այդպես շարունակվեց մինչև 88-րդ րոպեն, մինչև Սնեյդերի թնդանոթային հարվածը: Ակնհայտ էր դարձել, որ խաղը կտեղափոխվի լրացուցիչ ժամանակ, սակայն Արիեն Ռոբենը ոչ միայն հերթական անգամ ներխուժեց տուգանային հրապարակ, այլև կարողացավ այնպես արտիստիկ վայր ընկնել, որ մրցավարը խայծը կուլ տվեց: Հունտելարի կատարմամբ մեքսիկացիների համար ճակատագրական տասնմեկմետրանոցն անորսալիներից էր:
Գերարագությունների նիդերլանդական ընտրանու մրցակիցը որոշվեց Կոստա Ռիկա-Հունաստան դիմակայությունում: Հույներն ահռելի դժվարությամբ կարողացան հավասարեցնել հաշիվը, իսկ սկսած 66-րդ րոպեից թվային գերազանցություն ունեին մրցակցի նկատմամբ, ինչը ֆիզիկական ու հոգեբանական մեծ լարվածություն ունեցող նման հանդիպումներում ահռելի առավելություն է: Սակայն անգամ այս պայմաններում կոստառիկացիները կարողացան հանդիպումը տեղափոխել լրացուցիչ ժամանակ, արժանի դիմադրություն ցույց տալ և այնտեղ` բանը բերել-հասցնելով տասնմեկմետրանոցներին ու հենց այստեղ հույներին վերջնականապես մաղթելով բարի տունդարձ Հելլադա:
Այստեղ ավելորդ չհամարենք վերհիշել, որ առաջնության մեկնարկից առաջ նրանց համարում էին ամենաքիչ շանսեր ունեցող թիմը` նկատի ունենալով միանգամից աշխարհի երեք չեմպիոնների հետ նույն խմբում հայտնվելը: Համարում էին, մինչդեռ Իսպանիայի, ՈՒրուգվայի, Անգլիայի ընտրանիները որտեղ, կոստառիկացիները` որտեղ:
Եթե նկատել եք, Կոստա Ռիկայի ընտրանին առանձնակի սեր ունի չեմպիոն թիմերի նկատմամբ (աշխարհի չէ, բայց չեմպիոն են նաև հույները, ովքեր 2004-ին հաղթել են Եվրոպայի առաջնությունում): Մեկ քառորդում տագնապեցնող միակ բանն այն է, որ Հոլանդիայի հավաքականն ազնվազարմների ընտանիքից չէ, իսկ մինչ նրա հետ հանդիպումն այս առաջնությունում հարավամերիկացիները շարքային մրցակից չեն ունեցել, ինչն էլ էապես դժվարացնում է հանդիպման ելքի գուշակումը:

ՀԱՂՈՐԴԱՎԱՐԱԿԱՆ «ԳՈՀԱՐՆԵՐ»
Երեկվա հանդիպումներում հարաբերություններ որոշողները Գերմանիա-Ալժիր, Ֆրանսիա-Նիգերիա զույգերն էին: Առաջինի առնչությամբ մարզասերը որոշակի վերապահումների իրավունք թերևս ունի` նկատի ունենալով աշխարհի նախորդ առաջնություններից մեկում ալժիրցիների տարած հաղթանակը, բայց, ինչպես ժողովրդական իմաստությունն է ասում, գետն ամեն անգամ գերան չի բերի, պապն էլ ամեն անգամ փլավ չի ուտի: Ինչ վերաբերում է երկրորդ դիմակայությանը, այստեղ էլ ոգևորվելու պակաս առիթ չկա. նկատի ունեմ բրազիլացիների դեմ նիգերիացիների ոչ պակաս ակտիվ խաղը:
Թերևս այստեղ էլ ասելիքներս վերջնականապես ավարտած համարեինք (թեպետ, խոսքը մեր մեջ, առանձնապես բան չենք ասել), եթե չլինեին մեր հաղորդավարների մտքերի փայլատակումները, որոնք հունից հանել էին կինոյի գծով գործընկերոջս` Ռազմիկ Աբրահամյանին: Մեջբերենք դրանք` բնականաբար առանց անունների հիշատակման:
«Խախտում կա՞ր: Եթե հավատաս` կար, եթե չհավատաս` չկար: Չէ, ոնց որ չկար: Ճաշակին ընկեր չկա` ինչպես ասում են»:
«Ռուիսը բիլիարդային հարված կատարեց»:
«Զրոյաշատ հանդիպում է»:
«Կոստա Ռիկան մահվան մանղալով հնձեց երեք չեմպիոններին` Իտալիային, ՈՒրուգվային, Անգլիային»:
«Հիմա Հունաստանը կարող է գործի դնել իր ճնշման շարժիչը» (կարմիր քարտից հետո- Մ. Հ.):
«Կարծես որսի էին դուրս եկել հույները. փռել էին երկու կոստառիկացու, երրորդին էլ` վրան»:
«Տասնհինգ րոպե՝ վիրավոր գազանին գետնին տապալելու համար: Վիրավոր գազանը Կոստա Ռիկան է, որսորդը` Հունաստանը»:
«Դարպասներն անառիկ է պահում Օչոան»:
«Նրա գլխի բանը չէր գլխով հարվածելը»:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 898

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ